Հայերեն
Русский
   
Անվադողերի մակնիշավորւմ
Անվադողերի մակնիշավորւմ
Անվադողի չափերը նշված են նրա կողքամասի մակերեսին: Օրինակ` 195/65 R 15 91T
195-ը` անվադողի լայնությունն է (մմ-ով)
65-ը` անվադողի կողապատկերի (профиль) բարձրության և լայնության տոկոսային հարաբերություն է (նշված դեպքում 195 մմ-ի 65%-ը , որը հավասար է 126,7 մմ)
Եթե անվադողի կողապատկերը բնութագրող մեծությունը (տվյալ դեպքում` 65-ը) թողնել անփոփոխ և մեծացնել միայն նրա լայնությունը, ապա կմեծանա նաև անվադողի ընդհանուր բարձրությունը:
Եթե անվադողի կողքամասում այդ պարամետրը նշված չե, (օրինակ 195 R 15), ուրեմն այն կազմում է լայնության 80%-ը:
R-ը բնութագրում է անվադողի կառուցվածքը` ռադիալ: Այժմ չեն արտադրվում «դիագոնալ» կառուցվացքով անվադողեր մարդատար ավտոմեքենաների համար:
15-ը ցույց է տալիս անվահեծի տրամագիծը դյույմով, այսինքն անվադողի ներքին տրամագիծը (ոչ թե շառավիղը):
91-ը` անվադողի բեռնվածության ինդեքսն է: Դա պայմանական ցուցանիշ է, որը բնութագրում է անվադողի առավելագույն թույլատրելի բեռնվածությունը:
Տվյալ աղյուսակի օգնությամբ կարելի է որոշել անվադողի առավելագույն թույլատրելի բեռնվածությունը, որի դեպքում արտադրողը երաշխավորում է տվյալ անվադողի բնութագրերը:
Բեռնվածության ինդեքսներ
Ինդեքս Բեռնվածություն
(կգ)
Ինդեքս Բեռնվածություն
(կգ)
Ինդեքս Բեռնվածություն
(կգ)
50 190 90 600 130 1900
51 195 91 615 131 1950
52 200 92 630 132 2000
53 206 93 650 133 2060
54 212 94 670 134 2120
55 218 95 690 135 2180
56 224 96 710 136 2240
57 230 97 730 137 2300
58 236 98 750 138 2360
59 243 99 775 139 2430
60 250 100 800 140 2500
61 257 101 825 141 2575
62 265 102 850 142 2650
63 272 103 875 143 2725
64 280 104 900 144 2800
65 290 105 925 145 2900
66 300 106 950 146 3000
67 307 107 975 147 3075
68 315 108 1000 148 3150
69 325 109 1030 149 3250
70 335 110 1060 150 3350
71 345 111 1090 151 3450
72 355 112 1120 152 3550
73 365 113 1150 153 3650
74 375 114 1180 154 3750
75 387 115 1215 155 3875
76 400 116 1250 156 4000
77 412 117 1285 157 4125
78 425 118 1320 158 4250
79 437 129 1360 159 4375
80 450 120 1400 160 4500
81 462 121 1450 161 4625
82 475 122 1500 162 4750
83 487 123 1550 163 4875
84 500 124 1600 164 5000
85 515 125 1650 165 5150
86 530 126 1700 166 5300
87 545 127 1750 167 5450
88 560 128 1800 168 5600
89 580 129 1850 169 5800
Որոշ անվադողերի վրա գրված է MAX LOAD (առավելագույն բեռնվածություն) և տրված են արժեքները կգ-ով:
Միկրոավտոբուսների և թեթև բեռնատարների համար արտադրվում են հատուկ բազմաշերտ, ուժեղացված կողքամասերով անվադողեր, բարձր բեռնվածության ինդեքսներով: Օրինակ` REINFORCED (6 շերտ, ուժեղացված կողքամասերով), կամ լինում է նշված «С» տառը տրամագծից հետո,օրինակ`195/70 R 15 C (8 շերտ) :
T` արագության ինդեքսն է: Այն պայմանական ցուցանիշ է, որը ցույց է տալիս ավտոմեքենայի առավելագույն արագությունը, որը թույլատրելի է տվյալ անվադողերով:
Արագության ինդեքսներ
Ինդեքս Առավելագույն արագություն
(կմ/ժ)
Ինդեքս Առավելագույն արագություն
(կմ/ժ)
A1 5 K 110
A2 10 L 120
A3 15 M 130
A4 20 N 140
A5 25 P 150
A6 30 Q 160
A7 35 R 170
A8 40 S 180
B 50 T 190
C 60 U 200
D 65 H 210
E 70 V 240
F 80 W 270
G 90 Y 300
H 100 ZR > 240
Լրացուցիչ նշումներ, որոնք օգտագործում են անվադողեր արտադրողները:
M&S ( Mud + Snow`ցեխ + ձյուն):Այն նշանակում է, որ տվյալ անվադողը հնարավոր է օգտագործել բոլոր եղանակներին, իսկ ձմեռային անվադողերի վրա այդ մակագիրը պարտադիր է:
All Season` անվադող, որը հնարավոր է օգտագործել բոլոր եղանակներին:
Rotation` ուղղորդված անվադող, որի պտույտի ուղղությունը ցույց է տրված լրացուցիչ սլաքով:
Outside և Inside (կամ Side Facing Out և Side Facing Inwards)` ասիմետրիկ անվադողեր, որոնց տեղադրելիս անհրաժեշտ է խիստ հետևել որ Outside (արտաքին կողմ) մակագիրը լինի ավտոմեքենայի արտաքին կողմից:
Tubeless` անվադողը նախատեսված է առանց օդափուչիկի օգտագործման համար: Եթե մակագիրը բացակայում է, այդ անվադողը պետք է օգտագործվի միայն օդափուչիկով:
Tube Type` անվադողը պետք է օգտագործվի միայն օդափուչիկով:
MAX PRESSURE` առավելագույն թույլատրելի ճնշումը անվադողում (kPa):
RAIN, WATER, AQUA (կամ հովանոցի պատկերագիր)` նշանակում է, որ այս անվադողերը ունեն բարձրաստիճան պաշտպանվածություն ջրասահքից:
Անվադողի կառուցվածքը
Հիմնական նյութերը, որոնք օգտագործվում են անվադողերի արտադրությունում դա բնական և սինթետիկ կաուչուկներից պատրաստված ռետինն է և տեքստիլային, պոլիմերային կամ մետաղյա լարերից պատրաստված կորդը: Անվադողի հիմնական բաղկացուցիչ մասերն են` հիմնակմախքը, բրեքերային շերտերը, անվանախշը, կողերն և կողքամասերը:
Անվադողի կառուցվածքը
1 — անվանախշ, 2 — բրեքերային շերտերը, 3 — հիմնակմաղք, 4 — կողքամասը, 5 — անվադողի կողը, 6 — լրացուցիչ ներդիր, 7 — կողքամասի oղակը
Հիմնակմախքը (անվադողի ներքին կմախքը) պատրաստված է ռետինե խառնուրդով միմյանց հետ ամրացված, տեքստիլի կամ պոլիմերի և երբեմն զուգակցված,մետաղյա լարերից, որոնք կոչվում են կորդ: Ըստ կորդի տեղաբաշխման, անվադողերը դասակարգվում են որպես ռադիալ (պարտադիր նշվում է R), կամ դիագոնալ:
Այժմ դիագոնալ կառուցվացքով անվադողեր մարդատար ավտոմեքենաների համար համարյա չեն արտադրվում, քանի որ նրանց բնորոշ են բազմաթիվ թերություններ:
Դիագոնալ անվադողերի կորդի լարերը անիվի շառավիղի նկատմամբ կազմում են որոշակի անկյուն և նրանց սահմանակից շերտերի լարերը խաչվում են, որի հետևվանքով անվադողի աշխատանքի ժամանակ նրա հիմնակմախքում առաջանում են ուժեղ ներքին շփումներ:Այդ շփումների պատճառով անվադողը գերտաքանում է, որը հանգեցնում է վաղաժամ մաշվածության: Բացի այդ, դիագանալ անվադողերը նվազեցնում են ավտոմեքենայի կառավարելիությունը և հարմարավետությունը:
1946 թվականին, Michelin ընկերությունը , առաջինը շուկայում ներկայացրեց ռադիալ կառուցվացքով անվադողեր:
Ռադիալ անվադողերում կորդի լարերը ուղղված են անիվի շառավիղի ուղղությամբ: Այդ պատճառով նրանց կողերը ավելի ճկուն են, ներքին շփումները զգալիորեն նվազեցված են, ինչը բարձրացնում է նրանց աշխատանքային ռեսուրսը :Ռադիալ անվադողերին բնորոշ են ճանապարհի հետ լավ կառչելիությունը, մեքենայի լավ կառավարելիությունը և հարմարավետությունը, փոքր քաշը և վառելիքի ծախսի նվազեցումը: Բացի այդ ռադիալ անվադողերը ունեն ավելի բարձր արագության և բեռնվածության ինդեքսներ:
Բրեքերը պատրաստված է կորդի մի քանի շերտերից, գտնվում է հիմնակմախքի և անվանախշի միջև: Այն նաև կանխում է անվանախշի քայքայումը կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ, մեղմում է հարվածների ուժը և տալիս է հիմնակմախքին լրացուցիչ պաշտպանվածություն:
Անվանախշը ապահովում է ճանապարհի հետ կառչելիությունը և նույնպես պաշտպանում է հիմնակմախքը վնասվածքներից: Կախված շահագործման նպատակից և պայմաններից յուրաքանչյուր մոդելի անվադողը ունի իր անվանախշը:
Կողերը անվադողի կողքի պատերն են, որոնք պատրաստված են էլաստիկ ռետինից և պահպանում են հիմնակմախքը կողային վնասվածքներից:
Կողքամասը ապահովում է հերմետիկությունը անվադողի և անվահեծի միացման մասում: Այն անվադողի անենակոշտ մասն է, ներսից պատված է ռետինե հերմետիկ, մածուցիկ շերտով:
Կողքամասի օղակը ապահովում է անվադողի հուսալի միացումը անվահեծի հետ, բաղկացած է մետաղյա լարերից:
Անվադողերի շահագործումը
Այստեղ կան օգտակար խորհուրդներ, որոնք կարող են առավել անվտանգ դարցնել Ձեր երթևեկությունը և կօգնեն երկարացնել անվադողերի շահագործման ժամկետը:
1. Նոր անվադողերի լավագույն հատկությունները պահպանելու համար անհրաժեշտ է որոշակի նախնական վազք, 200-300 կմ, հանգիստ ռեժիմում, առանց կտրուկ արագացումների, շրջապտույտների և արգելակումների:
Առանձնապես դա վերաբերվում է ձմեռային, բութակներով անվադողերին, քանի որ բութակները պետք է ամրապնդվեն իրենց տեղերում: Նախնական վազքը զգալիորեն կնվազեցնի բութակների դուրս թռչելու հավանականությունը:
2. Պահպանեք անվադողերը
Անվադողի երկարակեցությունը կախված է նրա ճիշտ շահագործումից:
Նույն մոդելի անվադողերի շահագործման ժամկետը տարբեր պայմաններում կարող է տատանվի 1-ից մինչև 4 տարի: Այն կախված է բազմաթիվ գործոններից` ավտոմեքենան վարելու ոճից, շառժիչի հզորությունից, ճանապարհածածքի որակից, արագության ռեժիմներից և այլն: Մեծ արագություններից և կտրուկ արագացումներից անվադողը մաշվում է ավելի շուտ (օրինակ 120 կմ/ժ արագության ժամանակ մաշվում է երկու անգամ ավելի շուտ, քան 60կմ/ժ):
Նամանավանդ դա վերաբերվում է ձմեռային անվադողերին, որոնք ավելի փափուկ են, շնորհիվ իրենց բաղադրության մեջ եղած հատուկ նյութերի: Այդ պատճառով, այն բեռնվածությունները, որոնց կարող է դիմակայել ամառային անվադողը, ձմեռային անվադողին մաշեցնում են ավելի շուտ:
3. Պարբերաբար ուշադիր ստուգեք անվադողերը:
Ստուգեք, որ փականների վրա լինեն կափարիչները, անվադողերի մեջ չլինեն մտած օտար առարկաներ` մեխեր, մետաղի բեկորներ և այլն,որոնք ընթացքի ժամանակ կարող են խախտել անվադողի հերմետիկությունը: Մանր ճաքերը անվադողի կողքամասում ցույց են տալիս նրա ծերացումը և առաձգականության կորուստը: Փուչիկները վկայում են անվադողի ներքին կառուցվացքի անդառնալի վնասվածքների մասին: Եթե նկատվում են անվադողից դուրս եկած կառուցվածքային մասերը` մամլվածք, մետաղյա լարեր,այդ անվադողը ենթակա չե հետագա օգտագործման:
Խորը կտրվածքներով և փուչիկներով անվադողերը չի կարելի օգտագործել, նրանք անհրաժեշտ է նորոգել մասնագիտացված ավտոսպասարկման կենտրոններում:
4. Ստուգեք անվադողերի մաշվածության աստիճանը:
Եթե նրանք մաշված են, անձրևային եղանակին պետք է լինել առավել ուշադիր, քանի որ երբ նվազում է ջրահեռացնող առվակների բարձրությունը անվանախշի վրա, ավելանում է ջրասահքի էֆեկտի հավանականությունը: Ջրափոսերի վրայով անցնելիս, անվադողի և ճանապարհի մեջ ստեղծվում է չհեռացված ջրի շերտ, որի պատճառով մեքենան դառնում է անկառավարելի:
5. Ստուգեք անվադողերի օդի ճնշումը:
Այն պետք է համապատասխանի տվյալ մեքենայի արտադրողի կողմից առաջարկվող տվյալներին: Ճնշումը պետք է ստուգել միայն անվադողերի «սառը» վիճակում, քանի որ ընթացքի ժամանակ նրանք տաքանում են և նրանց մեջի ճնշումը մեծանում է:
Չափից բարձր ճնշման դեպքում ավտոմեքենայի ընթացքը կոշտանում է, ավելանում է ընթացամասի ծանրաբեռնվածությունը և անվադողը մաշվում է անհավասարաչափ: Բացի այդ նվազում է ավտոմեքենայի կառավարելիությունը, քանի որ անվադողը դեֆորմացվում է և նվազում է ճանապարհի հետ շփման մակերեսը:
Չափից ցածր ճնշման դեպքում անվադողը նույնպես մաշվում է անհավասարաչափ և ավելանում է նրա պայթելու և անվահեծը վնասելու հավանականությունը: Նվազում է ավտոմեքենայի կառավարելիությունը և նա սկսում է «լողալ» ճանապարհի վրա:
6. Պահեստավորեք անվադողերը արևի ճառագայթներից և տեղումներից զերծ վայրում:
Սեզոնային պահեստավորման համար օգտագործեք հատուկ պլաստիկ փաթեթներ:
Անվահեծերի վրա հավաքված անվադողերը պետք է պահեստավորել հորիզոնական վիճակում, միմյանց վրա դրված, իսկ առանց անվահեծերի` ուղղահայաց վիճակում, պարբերաբար փոխելով հպման տեղը:
 
Designed and developed by Ecart LLC